Վարչապետի թեկնածու դառնալը Բագրատ Սրբազանի լավագույն երազանքներից չէր. հարկադրված էր դա ընդունել. Արշակ Սրբազան
Ինչ-որ մի պահից սկսած Բագրատ Սրբազանը ներգրավվեց այնպիսի գործընթացների մեջ, որոնք ենթադրում էին քաղաքական գործիքակազմերի օգտագործում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Նրա խոսքով` այն դիրքորոշումները, մոտեցումները, որոնք ունեցել է Բագրատ Սրբազանը, արտացոլված են եղել նաև Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարություններում։
«Եկեղեցին, ինստիտուցիոնալ առումով, քաղաքական գործիքակազմեր չի կիրառում, իշխանության գալու որևէ ձգտում, առաջնահերթություն չունի։ Եվ եթե հետևել եք մեր հայտարարություններին, ապա մենք այնտեղ արձանագրել ենք, որ քաղաքական գործունեությունն անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, այդ իսկ պատճառով ընթացք է տրվել Բագրատ Սրբազանի խնդրանքին՝ առժամանակ կասեցնել իր հոգևոր ծառայությունը։ Այսինքն, այդ պահից սկսած Բագրատ Սրբազանը գործել է իր հոգևոր ծառայության կասեցման պայմաններում»,- ասաց Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ինքը խոսել է Բագրատ Սրբազանի հետ և համոզված է՝ վարչապետի թեկնածու դառնալը նրա լավագույն երազանքներից չէր։
«Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ինքը հարկադրված էր ընդունել այդ առաջարկը, քանի որ համախմբումն իր անձի շուրջ էր»,- ասաց Արշակ Սրբազանը։