Երկրի ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա․ ՔՊ-ականը՝ Փաշինյանի հրճվանքի մասին
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը տպավորվել է Նիկոլ Փաշինյան-Ռեջեբ Թայիփ Էրդողան հանդիպումից։ Նրան դուր է եկել, որ Փաշինյանն Էրդողանին է ներկայացրել «խաղաղության խաչմերուկ» փաստաթուղթը:
«Դրա վրա պետք է շեշտադրում անել և ոչ թե կենտրոնանալ, թե որտեղ էր հանդիպումը, ժպտում էր, թե չէր ժպտում, կամ չգիտեմ՝ ինչ դիրքով էին նստած, գիրքն ինչպես էր պահել։ Դրանք, իմ կարծիքով, երկրորդական հարցեր են»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը՝ լրագրողների հետ զրույցում:
Ըստ Թունյանի՝ շատ ավելի կարևոր է, երբ Հայաստանը փորձում է իր սահմանակից, ոչ փոքր տերության հետ հարաբերություններ կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից:
«Հիմա կարելի է չարախնդալ, բայց դա մեր նպատակն է, ու եթե դա հաջողի, իմ կարծիքով ՀՀ-ն դրանից միայն կշահի: Իսկ գիրքը պահել-չպահելը դա երկրորդական հարց է: Այսինքն, եթե մարդը գնում է հանդիպման որևէ երկրի ներկայացուցչի կամ ղեկավարի հետ հարաբերություները կարգավորելու նպատակով, ինքը պետք է դեմքի «նամռոտ» արտահայտությամբ և չուզելո՞վ գնա կամ ինչ-որ բա՞ն անի»,- ասաց Թունյանը: