Եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել, Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան, տարածքային փոխհատուցման տարբերակը նույնպես հնարավոր է. Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար
Ադրբեջանն ու Հայաստանը բանակցում են խաղաղության շրջանակային սկզբունքների շուրջ, ասել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիգ Զուլֆուգարովը։ Նա նշել է, որ բանակցությունները կոնկրետ հարցերի, այդ թվում՝ սահմանների և հաղորդակցությունների շուրջ, կշարունակվեն ավելի ուշ, իսկ հետո կանցնեն հումանիտար հարցերին և Հայաստանի քաղաքական պատասխանատվությանը:
Զուլֆուգարովը նաև ասել է, որ եթե Հայաստանը չհամաձայնի փոխհատուցում վճարել, Ադրբեջանը կարող է դիմել միջազգային դատարան։ Տարածքային փոխհատուցման տարբերակը նույնպես հնարավոր է, եթե Հայաստանը չկարողանա վճարել պահանջվող գումարը։
Նա ընդգծել է, որ միջազգային պրակտիկան ներառում է տարածքային բանակցությունների դեպքեր, ինչպես դա եղավ Չինաստանի և ԽՍՀՄ-ի միջև։
«Եթե Հայաստանը տեսնում է, որ փոխհատուցման պահանջվող չափն անհասանելի է իրեն, ապա տարածքային փոխհատուցումը կարող է քննարկվել բանակցությունների միջոցով։ Միջազգային պրակտիկայում բանակցություններ են եղել տարածքային հարցի շուրջ։ Օրինակ՝ Չինաստանը, որը ցանկանում էր ելք ունենալ դեպի ծով Հեռավոր Արեւելքում, ԽՍՀՄ-ին առաջարկեց փոխանակել հողի մի մասը։ Այսինքն՝ միջազգային պրակտիկայում նման դեպքեր կան։ Բայց նախ այս թեման պետք է բարձրացվի»,- նրա խոսքերն է մեջբերում APA-ն։