Մենք ունենք մեր կարծիքը․ Շարհամանյանը՝ պատերազմում պարտության մեղավորների մասին
«Չորս տարի առաջ Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի ու այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում է սկսել Արցախի, ինչու չէ նաև Հայաստանի վրա․ զինված ուժերն ընդունել են հարածն ու հակահարված տվել»։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա ընդգծեց, որ զինուժի շնորհիվ է հնարավոր եղել կանխել պատերազմի առավել աղետալի հետևանքները։
«Ես համարում եմ, որ 44-օրյա պատերազմի արդյունքներով դրվել է Արցախի ճակատագիրը կանխորոշելու հիմքը, այն, ինչ կատարվեց 2023 թվականին, ես համարում եմ դրա հետևանքը»,- ասաց Շահրամանյանը։
Անդրադառնալով հարցին, թե ովքե՞ր էին պատերազմում պարտության մեղավորները, Շահրամանյանը նշեց, որ Հայաստանում բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված։
«ԱԺ-ում գործել է համապատասխան հանձնաժողով որն առաջիկայում երևի կհրապարակի զեկույց, ու համապատասխան եզրակացություններ կարվեն։ Հանձնաժողովի եզրակացությունն էլ կլինի հիմք, և ոչ միայն դա, մենք ունենք մեր կարծիքը, բայց կան քրեական գործեր, որոնց մասին հայտարարվել է»,- ասաց Արցախի նախագահը։