2 միլիոն 500 հազար դրամ՝ Ճարտարապետության փառատոնի համար․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․
Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոկտեմբերի 7-ի հրամանով, Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով, «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատ» ԻԿ-ին հատկացվել է 2 միլիոն 500 հազար դրամ՝ Երեւանում անցկացվող Ճարտարապետության փառատոնի անցկացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Հիշեցնենք, որ Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը ՔՊ ցուցակով ընտրված Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, եւ այս հատկացումը, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան վարձատրություն Ճարտարապետների պալատի նախագահին՝ Երեւանի քաղաքապետարանին մատուցած ծառայությունների համար:
Ինչ վերաբերում է բուն Ճարտարապետության փառատոնին, ապա հոկտեմբերի 11-13-ը Հայաստանում տեղի կունենա Ճարտարապետների միությունների միջազգային ասոցիացիայի (МАСА) համակարգող խորհրդի հավաքը, որի շրջանակներում անցկացվելու է Ճարտարապետների ամենամյա ստուգատես-մրցանակաբաշխություն։ Միջոցառմանը պատշաճ մակարդակով մասնակցելու նկատառումով Հայաստանի ճարտարապետների պալատը կազմակերպում է ներհայաստանյան ստուգատես, որին, ըստ ցանկության, կարող են մասնակցել ճարտարապետներ, ստեղծագործական խմբեր, ընկերություններ, արվեստանոցներ։