Ինձ ստիպել են վերադառնալ քաղաքականություն․ Ռոբերտ Քոչարյան
«Ես 2008 թվականից քաղաքականությամբ չեմ զբաղվել։ 2018-ին քաղաքականությունը սկսեց զբաղվել ինձանով»։ Այս մասին դատական նիստի ավարտից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ երկրի ղեկավար դառնալու հավակնություն չունի, բայց քանի դեռ կան սպառնալիքներ՝ շարունակելու է իր թիմի հետ զբաղվել քաղաքականությամբ։
«Ես եղել եմ և՛ նախագահի պաշտոնում, և՛ վարչապետի պաշտոնում, այդ պաշտոնն այլևս այն քաղցրությունը չունի, ինչպես չտես մարդիկ կարող են կպնել ու կարծել, թե իրենց կյանքի երազանքն է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա կրկին շեշտեց, որ չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց հանգամանքներն են ստիպում։
«Արդեն ասել եմ՝ չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրն այնպիսի վտանգների ու արհավիրքների ներքո է հայտնվել, երբ ինձանով են սկսել զբաղվել... այս ամբողջական պատկերը, այո՛, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականություն։ Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ ու իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ։ Հասկանալի՞ է։ Վերջ։ Ցտեսություն»,- ասաց նա։