Երևանի արտահերթ ընտրությունն առավել քան արդիական է, պահանջված օրակարգ է. Մանուկ Սուքիասյան
«Էրեբունի Երևան» տոնակատարությունն ավելի ամբողջական կլիներ, եթե մենք երևանցիներին անեինք այդ նվերը, նախորդ նիստի ժամանակ ձեռք բերված քաղաքական համաձայնությունը և օրակարգում ընդգրկվեր Երևանի ավագանու արտահերթ ընտրությւոնների գնալու հարցը»,-ավագանու այսօրվա նիստի մեկնարկին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստի ժամանակ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների, միայն թե դրա մեխանիզմն առաջարկվի։
Այդ հայտարարությունից հետո «Մայր Հայաստան» խմբակցությունն Ավինյանին ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների գնալու մեխանիզմը՝ երևանցիների 9%-ի ձայնը ստացած «քաղաքապետը» տալիս է հրաժարական, ավագանին երկու անգամ չի՛ ընտրում քաղաքապետ ու ավագանին արձակվում է օրենքի ուժով։
Մանուկ Սուքիասյանը տարակուսեց, որ համաձայնությունն եղել է, բայց ավագանու նիստի օրակարգում այդ հարցը չկա։
«Այս պահին քաղաքային իշխանությունների նոր ընտրության հարն արդիական է, քան երբևե»,-հայտարարեց Սուքիասյանը։
Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե այդ հարցին կանդրադառնան հարց ու պատասխանի ֆորմատում։