Ադրբեջանի հետ սահմանագծման հանձնաժողովի կանոնակարգի միակողմանի հաստատում չի կարող լինել. պրոցեսը կընդհատվի. Մհեր Գրիգորյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաև ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային հարցերը կարգավորելու համար։ Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով երկու երկրների միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
Փոխվարչապետի խոսքով՝ որևէ պատրվակով Հայաստանի ու Ադրբեջանի կողմից այն չվավերացնելը բացատրություն չի ունենա։
«Բայց, այնուամենայնիվ, եթե նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլ, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ մենք, միջազգային իրավունքի համաձայն, փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով։ Բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից կամ վերապահումներ սահմանվեն, ծանուցումերի փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի։ Ես կարծում եմ՝ մենք չենք ունենա իրավական մի իրավիճակ, որ մեր վավերացնելուց հետո մերը մտնի ուժի մեջ, իսկ ադրբեջանական կողմում չունենանք վավերացված տեքստը»,- նշեց նա։
Գրիգորյանն ասաց, որ չի հասկանում՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանը չվավերացնի կանոնակարգը։ Ըստ նրա՝ եթե նման ցանկություն լիներ՝ Ադրբեջանն այն ուղղակի չէր ստորագրի։
ՀՀ փոխվարչապետն ասաց, թե Հայաստանն իր առջև սահման գծելու խնդիր չի դրել, խնդիր է դրված վերականգնելու սահմանը։
Հիշեցնենք, որ կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին, իսկ սեպտեմբերի 26-ի որոշմամբ Սահմանադրական դատարանը հաստատել է, որ այն համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: