Մի հատ ուշադիր նայեք կադաստրային քարտեզը Կիրանցի հանձնումից առաջ և հետո, կիմանաք՝ ՀՀ տարածքից հանձնում եղե՞լ է, թե՞ չէ․ հերիք է մոլորեցնեք էս ժողովրդին․ Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի համար անհասկանալի է, թե՝ ինչո՞ւ սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի քննարկման ժամանակ իշխանական պատգամավորները հարցեր չտվեցին փաստաթուղթը ներկայացնող` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Վերջինս, ընդգծելով փաստաթղթի հետ կապված ընդդիմության հարցերն ու առաջարկները, նշել էր, որ նկատի կունենան և գուցե կվերաիմաստավորեն, իսկ իշխանությունը ներկայացնող պատգամավորների կողմից փոխվարչապետն այդպես էլ ոչ մի հարց չստացավ։
«Դուք այստեղ հարց չունեի՞ք, փաստորեն։ Այս կարևոր փաստաթղթի վերբերյալ հարցադրումներ առաջ չքաշելն անտարբերության ցցուն վերաբերմունքն է։ Հանրությունը պետք է տեսնի՝ էս ինչ անլրջություն է տեղի ունենում»,- ասաց Դանիելյանը։
Նա հիշեցրեց, որ իշխանական պատգամավորներն ասում են, թե՝ ՀՀ տարածքից հանձնում չի եղել։
«Լո՞ւրջ եք ասում։ Էդ կադաստրի վկայականները, որոնք տասնյակներով իմ մոտ են, քանի անգամ ձեզ պետք է ցույց տանք, որ դա ՀՀ տարածք է։ Կադաստրային քարտեզը որ փոխում եք, մի հատ ուշադիր նայեք՝ Կիրանցի հանձնումից առաջ և հետո, այ էդ ժամանակ կիմանաք՝ ՀՀ տարածքից հանձնում եղե՞լ է, թե՞ չի եղել։ Հերիք է մոլորեցնեք էս ժողովրդին»,- ասաց Դանիելյանը: