«Իսկ Ադրբեջանն այս գործընթացի ո՞ր փուլում է, ճշտե՞լ եք․ դե ճշտե՛ք ուրեմն». Մհեր Գրիգորյանը՝ լրագրողներին
«Մենք բավականին երկար քննարկել ենք կանոնակարգի նախագիծը, հետո կանոնակարգը ստորագրել ենք: Ի՞նչ երաշխիքի մասին է խոսքը։ Սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի քննարկման ընդմիջմանը հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով լրագրողների հարցին, թե՝ կա՞ երաշխիք, որ Ադրբեջանն ավարտելու է այս գործընթացը, որովհետև Ադրբեջանը ևս պետք է հետ քաշվի մեր տարածքից։
«Դուք ինչպես եք պատկերացնում, ո՞րը կարող է լինել երաշխիքը»,- հարցրեց նա լրագրողներին։
Փոխվարչապետը հերքեց այն դիտարկումը, թե՝ ՀՀ կողմից շտապողականություն է նկատվում։ Նա նշեց, որ չեն շտապում, հանգիստ ձևով սկսել են գործընթացը, իսկ այն տրամաբանությունը, որով շարժվում են, նրա խոսքով, աշխատող տրամաբանություն է։
«Իսկ Ադրբեջանն այս գործընթացի ո՞ր փուլում է, ճշտե՞լ եք․ դե ճշտե՛ք ուրեմն: Երբ մենք կավարտենք, ու պարզ կդառնա, որ մենք շտապողականություն ենք դրսևորում, իսկ դիմացի կողմը չի ավարտում, այդ ժամանակ այդ հարցը կտաք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սահմանազատման համար նախանշված քարտեզի ընտրությանը, ապա Մհեր Գրիգորյանի խոսքով, հնարավոր չէ կանոնակարգում ֆիքսել կոնկրետ քարտեզ, որովհետև կախված նրանից, թե որ հատվածում է սահմանազատումն արվում, պետք է նշվի կոնկրետ քարտեզը, տարեթիվը, իսկ ԽՍՀՄ ԳՇ քարտեզները 1974-1979 թվականների են: