Բանուգործ չունեք, ուզում եք այդ կայացած հիմնարկն էլ քանդե՞լ․ Արման Ղազարյանը գյուղական ամբուլատորիաների օպտիմալացման մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանին դիմել են մի շարք քաղաքացիներ, հատկապես Գեղարքունիքից, իմանալու՝ արդյոք գյուղական ամբուլատորիաներն օպտիմալացվո՞ւմ են։ Այս մասին նա հայտարարեց ԱԺ նիսըի ժամանակ՝ դիմելով առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանին։
Նա էլ պատասխանեց, որ որևէ ամբուլատորիա կամ բուժմանկաբարձական կետ առաջնային բուժօգնության օղակում չի փակվում, այլ հակառակը։
«Դիտարկում են, որ հեռավոր գյուղերում, որտեղ չի եղել, ավելացնեն բուժմանկաբարձական կետ, այսինքն՝ բուժքուրոջ հերթապահություն։ Իսկ օպտիմալացումը կազմակերպաիրավական խոշորացում է։
Գյուղական մի քանի ամբուլատորիա դառնում է մեկ իրավաբանական անձ, տարանջատվում է տնօրենի պարտականությունը, որը իրականացնում է տվյալ ամուբուլատորիայի ընտանեկան բժիշկը, ով զուգահեռ տնօրեն է»,-ասաց նա
Արտակ Ջումայանը նշեց նաև, որ տնօրենի համար սահմանում են հատուկ պայման, թե ինչով պետք է զբաղվի։
«Այսինքն՝ միայն վարչական, իսկ ընտանեկան բժշկին ազատում ենք այդ պարտականություններից և թողնում ենք զբաղվի զուտ ընտանեկան բժշկությամբ»,-ասաց նա։
Արման Ղազարյանին չգոհացրեց նախարարության ներկայացուցչի արձագանքը։
«Նպատակն ի՞նչ է, որ դուք ուզում եք այդ կայացած հիմնարկն էլ քանդել, բերել լցնել իրար գլխի՞, ոնց որ շատ խոշորացված համայնքներ էլի խոշորացրեցիք, որի արդյունավետությունը զրո է։ Մարդիկ նորմալ աշխատում են, հիմա բանուգործ չունե՞ք, սկսում եք եղածն էլ քանդել»։