Ամբուլատորիաների օպտիմալացումը կբերի ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ կծախսվի հիվանդների վրա, ոչ թե կփոշիացվի. Արսեն Թորոսյան
«Եթե հիվանդանոցի ենթակա են դառնում, հիվանդանոցը շահագրգռված է ոչ թե կանխարգելիչ բուժօգնությամբ, այլ բուժական օգնությամբ և հիվանդներին քաշում, տանում է ստացիոնար բուժօգնության»։ Այս մասին Ազգային ժողովումհայտարարեց ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով ամբուլատորիաների օպտիմալացման ծրագրին։
Ըստ նրա, պայմանն այն է, որ ամբուլատորիաները չդառնան հիվանդանոցին ենթակա և այստեղ իրավակարգավորման հարց է։
«2019-ից այդ ծրագիրը սկսել ենք Վայոց ձորից։ Դա շարունակվելու է մնացած մարզերում, ինչը բերելու է ֆինանսական ծախսերի խնայման, որն էլ ծախսվելու է հիվանդների վրա, ոչ թե իրականում փոշիացվելու է»,-ասաց նա։
Արսեն Թորոսյանը շարունակեց, որ շատ հիվանդանոցները դեռ չի նշանակում լավ առողջապահություն․ «Լավ առողջապահությունը իրականում առողջապահությունն է, ոչ թե հիվանդապահությունը։ Պետք է մեր բնակչությանը պահենք առողջ։ Երբ առողջապահության առաջնային օղակում չեն հաջողում, հիվանդանոցներում մարդիկ շատանում են»։