Որոշ ընդդիմադիր գործիչներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան Փաշինյանի հեռացման. Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի դիտարկմամբ` Նիկոլ Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան։ Նա ԱԺ ճեպազրույցում նշեց, որ այդ պայմաններից մեկն այն է, որ իրական ընդդիմադիր բոլոր դերակատարների համար օրակարգի առաջին հարցը լինի իշխանափոխությունը։
«Որոշ մարդկանց նշանակել են ընդդիմություն, և նրանք աշխատում են այդ առաքելությամբ»,- ասաց Մամիջանյանը։
Նա նշեց, որ իրենց առաքելությունն ամենևին էլ Հայաստանի ամենասիրված քաղաքական ուժը լինելը չէ, այլ պետականության համար պայքարը։
«Ցավոք, որոշ ընդդիմադիր գործիչներ կամ շրջանակներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան մեր առաքելության, այսինքն՝ Փաշինյանի հեռացումն իրականացնելու համար»,- հայտարարեց Մամիջանյանը և նշեց, որ դրան վերաբերում է ներողամտաբար, քանի որ ուժեղը չի գոռում, որ ինքն ուժեղ է։