Այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման․ կանոնակարգը լուրջ ական է պետականության տակ․ Արմեն Ռուստամյան
«ԱԺ վերջին նստաշրջանը երկար է հիշվելու և մնալու է մեր պատմության մեջ՝ ամենախայտառակ էջերի գրանցման առումով»։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ սահմանազատման հանձնաժողովը սահմանադրական նման լիազորություններ չունի, բայց նրա որոշումները ներկայացվում են ԱԺ հաստատման։ Նա նշեց, որ փաստաթղթով չենք ունենալու սահման, այլ՝ սահմանազատման գործընթաց։
«Չի բացառվում, որ չունենալով ընդհանուր սահմանի մասին պատկերացում՝ այս սահմանազատումն ի վերջո վերածվի սահմանազիջման։ Սա, բնականաբար, առաջացնելու է շատ լուրջ խնդիր նաև հանրաքվեի հետ կապված, թե ինչու այն չի իրականացվում հանրաքվեով և այլն»,-ասաց Ռուստամյանը։
Բանախոսը շեշտեց, որ կանոնակարգի վավերացումն Ադրբեջանի հետ միասին սինքրոն պետք է արվեր, իսկ Բաքվում այդ ուղղությամբ որևէ գործընթաց չկա։
«Ներկայում, ըստ էության, հատված-հատված սահմանը ճշգրտվում է, մեկ էլ պարզվելու է, որ այդ ճշգրտվող հատվածները, որ իրար կպցնենք, այդ ուրվագծվող սահմանը խախտելու է մեր տարածքային ամբողջականությունը»,-ասաց Ռուստամյանը։
Նա նկատեց, որ չկա երաշխիք, որ այդ կտորների կպցնելուց հետո առաջացած սահմանը կուրվագծի այն տարածքային ամբողջականությունը, որի մասին իշխանությունները հայտարարում են, այդ պատճառով էլ ընդդիմությունը հայտարարում է, որ կանոնակարգը լուրջ ական է պետականության տակ։