Փոթորիկ, ալիք սկսվեց․ Անդրանիկ Քոչարյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին շատ է վրդովեցրել «Ազատություն» ռադիոկայանում հրապարակված այն լուրը, թե՝ ՔՊ-ականները մտադիր են բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից հեռացնելու հարցը։
«Փոթորիկ... հետո սկսեցիք հարցեր ուղղել խմբակցության ղեկավարին, կրթության, գիտության հանձնաժողովի նախագահին։ Դա էլ ձեզ չի բավարարել»,- լրագրողների հետ զրույցում իր վրդովվածությունը հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։
Նա հերթական անգամ նշեց, թե այդ լուրը չի համապատասխանում իրականությանը։
«Այս լուրի հետ կապված քննարկում մեր խմբակցությունում տեղի չի ունեցել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ խմբակցությունում սուր հարցեր քննարկվում են։
«Էնքան սուր հարցեր են՝ չեք պատկերացնի, բայց նման հարց չի քննարկվել»,- ասաց նա։
Ըստ Քոչարյանի` ամեն ինչ սկսեց խորհրդարանական լսումներից հետո։
«Փոթորիկ, ալիք սկսվեց։ Էդ լսումներն ի՞նչ վատ բան էր։ Ուզում եմ հասկանալ։ Այո, մտահոգիչ էր, որ պատգամավորները քիչ էին։ Դա վերլուծելու ու խմբակցությունում քննարկելու հարց ունենք»,- ասաց Ա. Քոչարյանը։
Հարցին՝ այսօր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշել է, որ խոսակցություններ կան խմբակցությունում ձեր հետ կապված, բայց անհասկանալի են, թե ինչ խոսակցություններ են», ի՞նչ դժգոհություններ կան, նա ասաց. «Խմբակցության նիստը կլինի, կիմանանք։ Ես պատի տակի խոսակցություններով...»։
Հարցին՝ ձեր թիկունքո՞ւմ են քննարկումներ ծավալվում, նա ասաց. «Շատ հնարավոր է։ Թող քննարկեն։ Երբ որ ինձ տեղյակ կպահեն, եթե ունենամ արձագանքելու հնարավորություն, կարձագանքեմ»։