Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա. Հովհաննես Ավետիսյանին տարել են ոստիկանություն. Գևորգ Թամամյան
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ, Մանկական ուռուցքաբանության արևելյան եւ միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքում գրել է.
«Հարվարդի շրջանավարտի հանդեպ իրականացվում է քաղաքական ռեպրեսիա
Ժամեր առաջ նամակ ստացա իմ ընկեր Հովհաննես Ավետիսյանից, որ տարել են ոստիկանություն` գործ են փորձում կարել ապօրինի զենք պահելու մեղադրանքով։ Գաղտնիք չէ, որ Հովհաննեսը ներկա իշխանությունների կոշտ ընդիմախոսն է, առանձնանում է փաստակված և սուր քննադատական խոսքով և այս եղանակով իշխանությունները փորձում են նրան լռեցնել։
Ովքեր ծանոթ չեն, ասեմ`Հովհաննեսը Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, հանրային կառավարման մագիստրոս։ Նաև սովորել է Թաֆթսի և Ջորջիայի համալսարաններում։
Հենց նա էր թարգմանել Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի «Ինչու են պետությունները ձախողում» գիրքը։
Աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես Երկկողմ ֆինանսական և տեխնիկական համագործակցության բաժնի ղեկավար, ինչպես նաև` ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում որպես ներդրումային քաղաքականության վարչության պետ։
Եղել է Միավորված ազգերի կազմակերպության Ֆինանսական կառավարման և ծախսերի հաշվառման ազգային փորձագետ, Եվրոպական միության պատվիրակության ավագ փորձագետ, Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ նախագծերի համակարգմանը» ծրագիր Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ,
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ) Հանրային քաղաքականության և կառավարման փորձագետ։
Կոչ եմ անում մասնագիտական համայնքին, ԱՄՆ հայ շրջանավարտներին, Հարվարդի շրջանավարտներին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին ձայն բարձրացնել եւ կանխել քաղաքական հաշվեհարդարը Հովհաննեսի նկատմամբ»։