Նոր մանրամասներ են հայտնի դարձել Երևանում տեղի ունեցած շղթայական ավտովթարից
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի որոշմամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 29-ին Երևանում՝ Դավթի Բեկի փողոցում, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց և վարորդների ինքնությունը։
Պարզվել է, որ բախվել են Երևանի բնակիչ 33-ամյա Վահե Բազինյանի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գեղամ Ալվանդյանի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինը կողաշրջվել է և բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ռուբեն Ալիխանյանի վարած «Opel» մակնիշի, Երևանի բնակիչներ 56-ամյա Արամ Ակունցի վարած «BMW» մակնիշի և 41-ամյա Կարապետ Արդինյանի վարած «KIA» մակնիշի ավտոմեքենաներին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «KIA»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 20-ամյա Արթուր Ավդալյանը և «ԶԻԼ»-ի վարորդ Գ․ Ալվանդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «BMW»-ի վարորդ Ա․ Ակունցը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի վիրաբուժության ծառայության ղեկավարն է։