«Ոստրեն ու Մարգարիտը»․ Վիլյամ Սարոյանի 115-ամյակի առթիվ արդեն 2-րդ անգամ աբելյանականները Երևանում ներկայանում են հյուրախաղով (լուսանկարներ)
Արդեն երկրորդ անգամ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Երևանի հանդիսատեսին ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը։
Երևանում «Ոստրեն ու Մարգարիտն» առաջին անգամ Աբելյանի անվան թատրոնի դերասանները բեմականացրել էին ամռանը։
Ներկայացման բեմադրությունը նվիրվել է Վիլյամ Սարոյանի 115-ամյակին։
«Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընկած է ընտանիքի պահպանման խորհուրդը:
Ընտանեկան դժվարին իրավիճակը գրողը ներկայացնում է Քլարքի որդի պատանի Քլեյի զգացմունքների ու ապրումների միջոցով: Անհոգ երեխան բախվում է կյանքի դժվարությանը: Նրան անհայր մնալու վտանգն է սպառնում, և մոռանալով իր մանկական խաղերն ու անհոգությունը՝ երեխան մտածում է միայն հորը տուն վերադարձնելու մասին: Սարոյան գրողի բարությունը չէր կարող անհայր թողնել փոքրիկ հերոսին:
«Ոստրեն ու Մարգարիտը» համարվում է «հույսի գրականության» լավագույն սիմվոլիստական գործերից:
Բեմադրությունը` Արեն Օսիպյանի Ներկա էին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը։