Կփորձենք 18 մլն դրամով ներկայանալի տեսք տալ գլխավոր տոնածառին. Սուրեն Գրիգորյան
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Երևանի քաղաքապետարանը գնալով ռեկորդ է սահմանում քաղաքի ամանորյա ձևավորման աշխատանքի բյուջեով։
«Այս տարվա բյուջեն ավելի պակաս է, քան անցած և նախանցած տարիների բյուջեն։ Մենք 50 մլն դրամ նախատեսել էինք տոնածառի ճյուղեր ու նոր խաղալիքներ ձեռք բերելու համար, բայց քանի որ հայտարարված մրցույթը չկայացավ, մենք 18 մլն դրամի շրջանակներում մեկ անձից գնումներ կատարեցինք»,-ասաց Գրիգորյանը։
Փոխքաղաքապետի խոսքով` իրենք կփորձեն այս տարի 18 մլն դրամ բյուջեով Հանրապետության գլխավոր տոնածառին ներկայանալի տեսք տալ, սակայն եկող տարի և՛ խաղալիքները, և՛ նոսրացած ճյուղերը պետք է փոխարինվեն։
Նշենք նաև, որ Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին․ քաղաքապետարանում վստահ չեն, որ դեկտեմբերի 1-ին կհասցնեն դա անել։