Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ
Նոյեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկեց ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ ունեցան ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք։
Այնուհետև Շինարարների միության 5-րդ համագումարը հաստատեց նոր կանոնադրության նախագիծը, տեղի ունեցավ նաև խորհրդի նոր կազմի ընտրություն։
Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել «Միկմետալ» ՓԲ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանին։ Վահան Հարությունյանը 2009 թվականից մինչ օրս ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է, իսկ 2014 թ.-ից՝ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:
Նորընտիր նախագահը ելույթում նշեց. «Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղղված է հայրենի երկրի կառուցմանը ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»,-նշեց Վահան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում շինարարությունը բում է ապրում, սակայն ոլորտի առջև կան ծառացած մի շարք խնդիրներ և մարտահրավերներ։ Հայաստանի Շինարարների միության նորանշանակ նախագահը վստահեցրեց, որ առաջիկա նիստի ընթացքում կգույքագրեն ոլորտային խնդիրները և կկազմեն գործողությունների ծրագիր՝ շինարարության ոլորտի բարեփոխման նպատակով։
Իր ելույթի խոսքում Վահան Հարությունյանը հայտարարեց, որ նորընտիր խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Շինարարների միության կանոնադրությամբ, որոշում է կայացրել նախկին նախագահ Գագիկ Գալստյանին շնորհել Հայաստանի Շինարարների միության պատվավոր նախագահի կոչում և պարգևատրել Շինարարների միության ոսկե մեդալով։
Վահան Հարությունյանը հավելեց՝ Գագիգ Գալստյանը մեծ ներդրում ունի Հայաստանում շինարարության ոլորտի մասնագետներին համախմբելու, գործընկերային կապերի ամրապնդման, պետական կառույցների հետ մշտական կապի պահպանման և համագործակցության և առհասարակ շինարարության ոլորտի զարգացման կարևոր գործում։
Նշենք, որ ոլորտում նշանակալի ավանդի համար Վահան Հարությունյանը պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պարգևներով, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009 թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010 թ.), Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից «Փառք շինարարին» ոսկե մեդալով (2011), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով (2015 թ) և այլն։