Պատերազմի հավանականություն չեմ տեսնում, բայց Ադրբեջանի կողմից հարձակում կարող է լինել․ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գործող իշխանությունից ոչ մի լավ բան չի սպասում, ոչ թե նրա համար, որ, իր իսկ խոսքով, «նախկին» է կամ «աբիժնիկ», այլ հենց այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման ողջ ընթացքում թուլացրել է անվտանգության համակարգն ու Արցախը «մատաղ արել» Ադրբեջանին ու Թուրքիային։
Շարմազանովը պատերազմի հավանականություն չի տեսնում, բայց Ադրբեջանի կողմից հարձակում, ըստ նրա, կարող է լինել։
«Ինչո՞ւ եմ ասում պատերազմ չի կարող լինել, որովհետև պատերազմը ենթադրում է հակընդդեմ քայլեր, երբ քո վրա կրակում են՝ դու էլ պետք է կրակես, բայց եթե ԳՇ պետը, վարչապետը, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներմ ասում են՝ մենք բան չենք անելու, մեր ծրագրում չկա, եթե այդ մարդիկ կուրորեն հավատում են Թուրքիային ու Ադրբեջանին, կուրորեն, էլ ի՞նչ սպասես»,- ասաց Շարմազանովը՝ լրագրողների հետ զրույցում։
Նա հիշեցրեց, որ երբ Փաշինյանը Գորիս-Կապան հատվածում մաքսակետ տվեց Ադրբեջանին, արդարացավ, թե՝ իբր մաքսակետը դրել են, որ Զանգեզուրի միջանցք չուզեն։
«Այ այդպես էր մեր բոլորի ականջներին լապշա կախում։ Այսինքն՝ նա իր շրջապատին միայն կարող էր համոզել, բայց ոչ մեզ։ Հետո էլի ուզեցին միջանցք, հետո ճանապարհ ուզեցին, հետո Արցախն ուզեցին, հետո էլի ուզեցին, էլի, էլի․․․ դուք Ադրբեջանի կողմից տեսե՞լ եք միջանցքից հրաժարվելու կամ ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ նկրտումներ չունենալու տրամաբանություն՝ ոչ, չկա»,- ասաց Շարմազանովը։
Նա նկատեց, որ Փաշինյանն անընդհատ վախի մեջ է պահում ժողովրդին՝ ասելով, եթե հողերը չտանք՝ պատերազմ կլինի։
«Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի համար ունի «Իսկանդեր»-ի նշանակություն․ գալիս է, ներսից պայթեցնում, վախեցնում ժողովրդին, գնում ու խելոք, հանգիստ այդ տարածքները տալիս են։ Ինքն ադրբեջանական «Իսկանդեր»-ի գործառույթ է իրականացնում»,- ասաց Շարմազանովը։