Անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը պարգաևտրվել է ԿԳՄՍ նախարարության մեդալով
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով:
Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության: Ձեր կատարած ահռելի աշխատանքը, դիմագիծն ու հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար»:
Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացքում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը համապատասխան շենքային պայմաններով ապահովելու աշխատանքները՝ փորձերն անցկացնելու նպատակով:
Նորայր Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին գնահատանքի ու կարևոր խոսքերի համար և հաջողություն մաղթել պարարվեստի ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին:
Նորայր Մեհրաբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաև իր ստեղծած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի բոլոր տարիների սերունդներին՝ իրեն հավատալու և դժվարին ճանապարհը համատեղ անցնելու համար:
«Դուք իմ ստեղծագործական մտքերի արտահայտողն եք բեմում»,- ասել է Նորայր Մեհրաբյանը՝ համույթի անդամներին մաղթելով բազում հաջողություններ կյանքում և բեմում: