Հովիկ Աղազարյանը չի շտապում արձագանքել մանդատը դնելու Փաշինյանի իրեն ուղղված «խնդրանքին». ժամանակ է պետք մտածելու համար
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը դնելու Փաշինյանի «խնդրանքին» ի պատասխան իր որոշման հրապարակումը։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Աղազարյանն ասաց, որ «դեռ մի քանի օր պետք է մտածելու համար»։
Հարցին, թե դիտարկո՞ւմ է մանդատը դնելու փոխարեն, «Քաղաքացիական պայմանագրից» դուրս գալու տարբերակը՝ նա պատասխանեց, որ այս պահին այդ հարցը չի դիտարկում։
Նա նաև չմեկնաբանեց հարցը, թե արդյո՞ք այս որոշման վրա ազդել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել րոպեներ առաջ։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը հայտարարել էր, թե խնդրել է Հովիկ Աղազարյանին դնել մանդատը ու հույս հայտնել, թե վերջինս կարձագանքի իր խնդրանքին։
Աղազարյանն հայտնել էր, որ իր որոշման մասին կհայտնի երկուշաբթի՝ ժամը 18.00-ին, իսկ մինչ այդ ժամը կլրանար՝ հայտնի դարձավ, որ նա հանդիպել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։