Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանություններից. Մամիջանյանը՝ Պուտինի հայտարարության մասին
Ես, ինչպես ցանկացած հայ, տարակուսած եմ ՌԴ նախագահի մեկնաբանություններից, որովհետև հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիային, այլ ՀՀ նկատմամբ, ՀՀ ինքնիշխան ու միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիաներին:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ օրերս ՌԴ նախագահը, խոսելով ՀԱՊԿ-ի և Հայաստանի մասին, նշել էր, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը գնար և Արցախում կռվեր Հայաստանի կողմից և անուղղակի ակնարկել էր, թե ինչու Արցախի անկախությունը չի ճանաչվել, ինչո՞ւ ՀՀԿ-ն չի ճանաչել Արցախը:
Դիտարկմանը, թե այն, որ «ՀՀ-ի վրա Ադրբեջանը չի հարձակվել» արդյո՞ք ընկալելի է ռազմավական դաշնակցի կողմից, Մամիջանյանը պատասխանեց. «Ես արդեն իսկ ասացի, որ տարակուսած եմ ՌԴ նախագահի այդ օրը հնչեցրած գնահատականներից, բայց իր խոսքի տրամաբանությունը վկայում է, որ ինքն առհասարակ խոսում էր 44-օրյա պատերազմի մասին, այնպես որ, ձեր ասած ընդհանրացումը ես չէի անի»։