Ինչո՞ւ են բանակում շարունակվում անպատժելիությունը, մահվան դեպքերը․ Ժաննա Ալեքսանյան
«Զինված ուժերում մարդու իրավունքների առումով վիճակը շատ վատ է, մահվան դեպքերը չեն նվազում»։ Այս մասին այսօր՝ «Մարդու իրավունքների վիճակը Հայաստանում. 2024-ի մարտահրավերները» թեմայով քննարկմանը, հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Նրա խոսքով, մահվան դեպքերի քննության արդյունքում էլ իրականությունը չի բացահայտվում։
«Ինչո՞ւ չեն ասում, թե ինչու է վարչապետն ազատում պաշտոնից Քյարամյանին։ Ինչո՞ւ են բանակում շարունակվում անպատժելիությունը, մահվան դեպքերը, քանի որ բացահայտումներ չեն արվում»,-ասաց Ժ. Ալեքսանյանը։
Նրա խոսքով, շատ վատ վիճակ է ՔԿՀ-ներում, ստանում են բազմաթիվ զանգեր։
«Աշոտ Իսրայելյանը 30 օրից ավելի է՝ հացադուլ է անում, ՄԻԱՎ-ով հիվանդ է, ունի ողնաշարի ճողվածք, հեպատիտ։ Ուզում է մնալ Քրեակատարողական հիվանդանոցում, պրոբացիայի ծառայությունից ասում են՝ լիարժեք առողջ է։ Հացադուլավորներ շատ կան»,-ասաց Ժ. Ալեքսանյանը։