Վերջին ժամանակներում լսում ենք բարձր, բայց ոչ հաճելի հռետորաբանություն՝ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետ կապված․ Արա Այվազյան
Հայաստանը տխուր փորձ ունի, որը ոչ միայն ազդանշան տվեց արտաքին խաղաղացողներին ՀԱՊԿ-ի հնարավորությունների մասին, այլ նաև կազմակերպությունում ներքին վստահությունը չամրապնդեց։ Այս մասին ասաց ՀՀ նախկին ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ դիվանագետների խորհրդի և ՄԳԻՄՕ-Ի հերթական « ՀՀ-ն և ՌԴ-ն՝ ռեգիոնալ վերաձևավորման շրջանում» թեմայով հրավիրված համաժողովին։
Նրա գնահատմամբ, վիճակը տխուր է նաև հայ-ռուսական հարաբերությունների մասով։
«Վերջին ժամանակներում լսում ենք բարձր, բայց ոչ հաճելի հռետորաբանություն, որն ամենևին չի օգնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերություններին»,-ասաց նա։
Արա Այվազյանը հույս հայտնեց, որ համաժողովի մասնակից փորձագետները կունենան արդյունավետ քննարկում, կարծիքների փոխանակում։
Այվազյանը վերլուծել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առկա իրավիճակը, ընդգծել, որ այսօրվա անցանկալի իրադարձությունները կարող են ունենալ ծանրագույն հետևանքներ ՀՀ-ի և ՌԴ-ի համար:
«Սա վտանգավոր միտում է թե Հայաստանի, թե Ռուսաստանի համար։ Այս համաժողովի նպատակներից մեկն էլ առանց ավելորդ էմոցիաների մեր գիտակցված ու չգիտակցված սխալներից դասերն քաղելն է»,-նշեց նա՝ ընդգծելով երկու երկրների համագործակցությունը նախ և առաջ անվտանգության ոլորտում։