Ոսկե կանոն կա՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն՝ ոչինչ համաձայնեցված չէ. Արա Այվազյան
Ադրբեջանն ամեն քայլափոխի փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգ և դրանով խափանել կամ հետաձգել խաղաղության պայմանագրի ստեղծումը։ Լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։
Այվազյանը պատրանք չունի, որ փաստաթուղթն իրականում կապահովի երկարատև խաղաղություն տարածաշրջանում. «Ակնհայտ երևում է, որ հակառակ կողմը, եթե չասենք՝ կողմերը, յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում ՀՀ-ն և հայկական շահը քիչ կամ ընդհանրապես տեղ չեն զբաղեցնում»։
Անդրադառնալով հայտարարություններին, թե պայմանագրի 90 տոկոսը համաձայնեցված է՝ Այվազյանը նշեց. «Կարող է տեքստի 90-95 տոկոսը համաձայնեցվի, բայց շատ անգամ լսել եք, որ դիվանագիտության մեջ ընդունված ոսկե կանոն կա՝ եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն՝ ոչինչ համաձայնեցված չէ»։
ՀՀ ԱԳ նախկին նախարարը նշեց՝ մի քանի անգամ առիթ է ունեցել ակնարկելու, որ ՀՀ-ի դիվանագիտական մեծ խնդիրը, որի մեջ կան սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ, այն է, որ արտաքին քաղաքականությունը ներքինի տրամաբանական շարունակությունն է՝ հանգամանքների և սխալների պատճառով։
«Իմ տպավորությամբ, կարծում եմ՝ չեմ սխալվում, այսօր արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը մեծապես պայմանավորված են դրսի հանգամանքներով ու դերակատարներով։ Ճիշտը պետք է հիմնված լինի ներքին օրակարգերի վրա՝ իհարկե, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, բայց առաջ տանելով արտաքին շահերը»,- ասաց նա։