Ադրբեջանը բոլոր վտանգավոր և վիճահարույց գաղափարները հնչեցնում է Երևանի շուրթերով․ Վահե Հովհաննիսյան
Բանակցությունների մասին դժվար է դատողություններ անել, քանի որ դրանք ընթանում են խիստ փակ ռեժիմով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Նա խորհուրդ է տալիս լուրջ չընդունել այն մարդկանց հայտարարությունները, ովքեր կփորձեն կանգնել ու լուրջ դեմքով ասել, թե ինչ քայլեր են արվել ու ինչ է սպասվում։
«Հայաստանում բանակցություններին տեղյակ է 1-1,5 մարդ, այսինքն՝ փակ շրջանակ է։ Իսկ միջնորդներին հեռացնելուց հետո էլ ընդհանրապես փակվեց բանակցային ֆորմատը և ուղղակի անհնար է ասել, թե ինչ է կատարվում»,- ասաց Վահե Հովհաննիսյանը։
Ամեն դեպքում, նա բանակցությունների հետ կապված իր դիրքորոշումն ունի։ Ըստ քաղաքագետի` սխալ է գնալ բանակցությունների՝ առանց միջնորդի։
«Պատերազմից հետո մենք այդ ռեսուրսը չունենք, որ կարողանանք դիմակայել ադրբեջանա-թուրքական պահանջներին, իսկ այդ պահանջներըն անվերջ են լինելու»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ պաշտոնական Երևանը մի քանի անգամ շեշտել է, որ մեզ միջնորդներ պետք չեն։
«Իմ կարծիքով, դա Ադրբեջանի պահանջն է, որն իրականացնում է Երևանը, և Ադրբեջանն իր արևելյան ճկունությամբ լավ հարաբերություններ ունի թե՛ ՌԴ-ի, թե՛ Արևմուտքի հետ, բայց բոլոր վտանգավոր և վիճահարույց գաղափարները հնչեցնում է Երևանի շուրթերով»,- ասաց Հովհաննիսյանը։