«Վրացական երազանքը» Թրամպի «դավանա-գաղափարական» քաղաքական գծի մեջ է․ Հակոբ Բադալյան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
Աստվածամոր տաճարի օծման առիթով Փարիզում անցկացվող միջոցառմանն ընդառաջ գրեցի, որ հանգստյան օրերին Ֆրանսիայում ըստ ամենայնի էական զարգացումներ կլինեն Վրաստանի առնչությամբ: Փարիզ էր մեկնել նաեւ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է:
Սակայն ամենից էականը թերեւս այն էր, որ Ֆրանսիա մեկնել է նաեւ ԱՄՆ ընտրված նախագահ Տրամպը, որի պաշտոնամուտին սպասելու եւ բոլոր հարցերը նրա հետ քննարկելու մասին էր հայտարարել Վրաստանի վարչապետ Կոբախիձեն: «Վրացական երազանքը» Տրամպի «դավանա-գաղափարական» քաղաքական գծի մեջ է:
Եվ ահա, հանգտսյան օրերից հետո տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը, ընդ որում ոչ թե Վրաստանի վարչապետի հետ, այլ ֆորմալ իմաստով որեւէ պետական պաշտոն չզբաղեցնող, բայց իհարկե Վրաստանի իրական առաջնորդ Իվանիշվիլիի հետ:
Սա նշանակում է, որ խոսակցությունն ունի իրապես առարկայական, գործնական, հիմնարար բնույթ: Չի բացառվում, որ Մակրոնը Իվանիշվիլիի հետ խոսում է Տրամպի հորդորով: Սակայն, ինչպես նշել եմ շատ ավելի վաղ, դեռեւս ամիսներ առաջ, երբ ակտիվանում էին քննարկումները Վրաստանի առնչությամբ, որ Ֆրանսիայի համար պարզապես սխալ կլինի Վրացական երազանքի հետ բախումը: Եթե «Վրացական երազանքը» պահի իշխանությունը Վրաստանում, ապա բախումը Ֆրանսիայի համար գործնականում կարգելափակի կովկասյան խաղի հնարավորությունը: