ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման, շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո․ Մհեր Գրիգորյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնար է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին։
««Զանգեզուրի միջանցք» չի լինելու, դա ուղղակի չի լինելու։ Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը։ Չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու»,- ասաց նա։
Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե Ադրբեջանում խոսույթը հիմնականում «Զանգեզուրի միջանցքն» է, Գրիգորյանը նկատեց, որ, եթե Ադրբեջանը շարունակաբար դա է փաստում, ապա հայկական կողմն էլ շարունակաբար պնդում է, որ ՀՀ-ն պատրաստ է ապաշրջափակման, շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո։