«Ինձ Նոր տարվա վատ նվեր արվեց»․ Ավինյանը «տեղյակ չէր», որ իր տոմսը 20 հազար դոլարանոց է․ նա խոստացավ փոխհատուցել արժեքը
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել, մասնավորապես, ինձ համար տոմսերը։ Անկեղծ ասած, ինքս էլ մի փոքր ապշած էի այդ թվերից, հետո մի փոքր խորացա եւ հասկացա, որ, կարծում եմ, ընդհանուր անպատասխանատվության եւ անտարբերության որոշակի խնդիր կա այստեղ»։ Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ այսօր հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով ԱՄՆ կատարած այցին, թանկ գներով ձեռք բերված տոմսերին, ինչը շատ քննարկվեց եւ քննադատվեց։
Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ նոյեմբերի 22-ի այցի համար տոմսերը ձեռք էին բերվել նոյեմբերի 20-ին ու դրանով էր բացատրվում թանկ՝ 20 հազար դոլարին համարժեք դրամով գինը։ Նա հայտարարեց, որ ծախսն ամբողջապես կփոխհատուցի։
«Որպեսզի հարցեր չառաջանան՝ ի՞նչ գումարներով եմ փոխհատուցելու, առաջարկում եմ ուսումնասիրել իմ հայտարարագիրը»,-ասաց նա։
Ավինյանը խոստացավ պատասխանատվության ենթարկել թերացած աշխատակիցներին։
«Ինձ Նոր տարվա վատ նվեր արվեց»,-ասաց նա։