Հայաստանն արդեն իսկ անլուրջ վիճակում է հայտնվել այն «բանավեճի» հետևանքով, որ հրահրել է Նիկոլ Փաշինյանը․ վերլուծաբան
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․
«Եթե Հայաստանը հրապարակի արցախյան կարգավորման ընթացքում արված առաջարկները, որոնք խորհրդապահական են բոլոր դեպքերում, անգամ ժամկետներից անկախ, դրանով կհայտնվի շատ անլուրջ վիճակում:
Սա իմ սուբյեկտիվ գնահատականն է: Իհարկե, Հայաստանն արդեն իսկ անլուրջ վիճակում է հայտնվել այն «բանավեճի» հետեւանքով, որ հրահրել է Նիկոլ Փաշինյանը՝ արցախյան հարցում, Արցախի կորստի համար իր պատասխանատվությունից խուսանավելու մոտիվով: Խոսքը լոկ վերջին օրերի մասին չէ, այլ գործնականում 44-օրյա պատերազմին հաջորդող շրջանին:
Անլրջությունն այն է, որ, նախ այդ քննարկումները եւ հանրայնացումները ունեն զրո օգտակարություն եւ ցանկացած պարագայում ընդամենը օգնում են բոլոր նրանց, ովքեր ունեն Հայաստանի հանրությանը իրական պետական «վերականգնողական» օրակարգերից շեղելու շահագրգռություն, լինեն դրանք ներքին, թե արտաքին շահառուներ:
Երկրորդ, անլրջությունն այն է, որ այդ պայմաններում որեւէ լուրջ տերություն Հայաստանին չի կարող դիտարկել գործընկեր: Եվ դա այդպես է արդեն հենց վերը նշածս ժամանակահատվածից ի վեր: Հայաստանն այդ պարագայում կարող է դիտարկվել գործիք: Եվ, ցավոք սրտի, այսօր առավել եւս դիտարկվում է այդպիսին:
Ինչպե՞ս կարող է փոխվել այդ իրավիճակը: Տեսականում, փոփոխության հեռանկար հնարավոր է, եթե Հայաստանի ներսում ձեւավորվի ընդհանուր պատկերացումներ եւ շոշափելի ռեսուրսներ ունեցող մարդկանց խումբ, համակարգ, որը կարող է դնել իսկապես ռազմավարական նպատակներ, մշակել դրանց հասնելու ճանապարհային քարտեզ, ու միաժամանակ՝ չդնել իշխանության գալու խնդիր:
Գուցե հնչի տարօրինակ, բայց, այո՝ Հայաստանում այդ որակական փոփոխության համար թերեւս շատ կարեւոր է իշխանության չգալու, այլ իշխանություն ձեւավորելու խնդիրը: Մասնավորապես՝ ՄՏՔԻ եւ արժեքների իշխանություն, որոնք բնականաբար ուղեկցվում են հանրությանը ներկայացվող շատ առարկայական ծրագրային պատկերացումներով, թե ինչ ու ինչպես պետք է փոխվի կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Ընդ որում, երբ խոսում եմ իշխանության չգալու, այլ իշխանություն ձեւավորելու խնդիր դնելու մասին, դա վերաբերում է օրինակ թեկուզ 5 կամ 8 տոկոսով խորհրդարան մտնելու խնդրին: Իշխանություն ձեւավորելու համար պետք է հրաժարվել նաեւ այդօրինակ նպատակներից:
Հայաստանում այսօր հնարավոր չէ իրապես այլ որակով ու մտածողությամբ լուծել այդպիսի հարց անգամ, առանց գոյություն ունեցող համակարգի հետ սերտ կոմպրոմիսների: Իսկ կոմպրոմիսը ըստ էության ռազմավարական իմաստով նշանակելու է «կոմպրոմատ», այդ բառի բնականաբար ոչ ուղիղ, բայց ազդեցիկ իմաստով»: