Լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է․ Մարության
Ե՛վ քաղաքացիները, և՛ մենք լիահույս ենք, որ քաղաքային իշխանությունները խելքները գլուխները կհավաքեն, կհասկանան, որ իրենց որոշումը ժողովրդի դեմ է ուղղված: Այս մասին լրագրողների հետ զրույցում, տրանսպորտի գնի դեմ իրականացվող ակցիայի ժամանակ, ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այսօր հավաքվել ենք հենց այն նպատակով, որ քաղաքացիներից լսենք, թե իրենք ինչպես են պատկերացնում պայքարը, բնականաբար խոսքը գնալու է բոյկոտի մասին, բայց ուղղակի բոյկոտի տարբեր ձևեր կան: Մենք պետք է հասկանանք, թե բոյկոտի ո՞ր ձևն ենք նախընտրելու, բոյկոտի ձևերից մեկը, օրինակ, կարող է լինել այն, որ ուսանողները կարող են դասադուլ անել, կարող է լինել գործադուլ մարդկանց կողմից և ընդհանրապես չօգտվել տրանսպորտից, այսինքն աշխատել, խուսափել տրանսպորտից օգտվելուց, մտնել տրանսպորտ, վճարել 100 դրամ, անցնել առաջ: 2013 թվականին էլի նույն մեթոդներն էին կիրառվում: Վստահաբար, եթե մարդիկ համատարած բոյկոտեն, քաղաքային իշխանություններն այլ տարբերակ չեն ունենալու, քան այն «Տարոն ջան, սիրուն չի» տարբերակին գան»,- ասաց նա: