Առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը․ Գեղամ Ստեփանյանը՝ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների վերադարձի մասին
«Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցները, նրանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն և անձինք կարողանան վերադառնալ իրենց տները»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց օկուպացված Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա, բազմաթիվ քաղաքացիների հետ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ մասնակցում է հայ գերիների ազատ արձակման պահանջով արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ կազմակերպված ակցիային։
Գեղամ Ստեփանյանի խոսքով` ակցիաները շատերի մոտ թերահավատություն են առաջացնում, որ դրանով որևէ արդյունք չեն կարող արձանագրել, սակայն, ըստ նրա, արդյունքի չհասնելն անգործության հետևանք է։
«Առնվազն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը, և հայաստանյան իշխանությունների, և միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ ուշադրությունը հրավիրել այս կարևոր, բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա և հնարավորինս միջազգային ճնշում գեներացնելով՝ հասնել մեր հայրենակիցների ազատ արձակմանն ու հայրենադարձությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ սա է այն ակնկալիքը, որի շուրջ այսօր համախմբել են ակցիայի մասնակիցները։