Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է․
Հիշու՞մ եք, երբ տարբեր քաղաքական գործիչներ և փորձագետներ շատ վստահ հայտարարում էին, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ գոյություն չունի, կամ այդ հարցով մենք մեր ասելիքն ասել ենք, և գնդակը Ադրբեջանի ու միջազգային հանրության դաշտում է։
Դրանով մերժվում էր ցանկացած քննարկում խաղաղության ծրագրի վերաբերյալ, իսկ որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ պիտակավորվում էին որպես «Լավրովի պլանի ստրուկներ», «հողատուներ» և այլն։ Այդպիսով, արդյունքում ունեցանք պատերազմ և աննկարագրելի ծանր կորուստներ, որոնք շարունակվում են։ Այսօր դա է ինձ հիշեցնում ոմանց ամենօրյա հայտարարությունները այն մասին, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ չկա, հարցը լուծված է, եթե հայտարարության մյուս երկու կողմերը չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ուրեմն այն գոյություն չունի։ Մենք մեզ դուրս ենք դրել այդտեղից՝ այնպես, ինչպես ՀԱՊԿ-ից։ Այսպիսով, ցանկացած առողջ քննարկում այս թեմայով տապալվում է, իսկ այդ հարցը բարձրացնող մարդիկ պիտակավորվում են իշխանությունների և իշխանական քարոզիչների կողմից, ինչպես ժամանակին Ղարաբաղի հարցով որևէ ռացիոնալ առաջարկ անող մարդիկ էին պիտակավորվում։ Հիմա ի՞նչ է լինելու և ի՞նչ է սպասվում։