«Ե՞ս եմ մեղավոր, որ սենց ա». վարորդը` հետևի դռնից նստողներին և չվճարողներին
Որքան էլ քաղաքային իշխանությունները փորձում են մեզ վստահեցնել, իրենց համոզել, թե ուղեվարձերի թանկացման հետ կապված բոյկոտ չկա, ավտոբուսում ուղևորների և վարորդի միջև տեղի ունեցող ամենօրյա վեճերն այլ բան են վկայում։
Հերթական վեճը, կամ լեզվակռիվը, ինչպես կուզեք անվանեք դա, տեղի է ունեցել 2-րդ համարի երթուղու ավտոբուսում։
Քաղաքացիները փորձում էին նստել հետևի դռներից, սակայն վարորդն այն ամիջապես փակում էր հենց մարդկանց դեմքին՝ այդ կերպ պարտադրելով, որ մարդիկ բարձրանան դիմացի դռնից և վճարեն։
Սակայն վարորդը միայն դուռը մարդկանց քթին փակելով չէր սահմաափակվում։ Ամեն կանգառում նա իր «սրբագույն պարտքն էր համարում» գոռալ քաղաքացիների վրա․ «Հետևից մի’ նստեք»։
Ավելին, նա ստիպում էր վճարել բոլորին ու մուննաթ էր գալիս չվճարողների վրա, թե՝ «Ես եմ մեղավո՞ր, որ սենց ա»։
Վարորդը նեղսրտել է ու անկեղծացել, որ եթե ուղևորները հետևի դռնից նստեն կամ չվճարեն՝ իր վրա «խոսակցություն է գալու»։
Հարկ է նկատել նաև, որ բանկային քարտերից վճարողները բողոքում էին, որ վալիդատորը ցույց է տալիս, թե չի քաշում գումար, բայց իրականում քարտից գումար է գնում։