Ալեն Սիմոնյանի ասածին չէի ուզի անդրադառնալ, բայց արցախցու կռվելու ապացույցն Արցախում եղբայրական գերեզմանոցներն ու փոքրիկ եռաբլուրներն են. Բաղունց
Ցավոք, այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է, սակայն արցախահայությունը, ինչպես 1980-ականներին, այնպես և այսօր, լի է վճռականությամբ՝ ևս մի անգամ, հուսով եմ, արդեն վերջնականապես հայացնելու Արցախը. Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Շատ բարդ է այսօր ասել՝ ինչպիսին ենք մենք տեսնում հավաքական վերադարձի ճանապարհը, բայց այնուամենայնիվ, համաձայն բոլոր միջազգային նորմերի, համաձայն մեր պատմական անցյալի ու իրավունքի, մենք կհասնենք այդ նպատակին»,-ասաց նա:
Հարցին՝ դա հնարավո՞ր է ՀՀ գործող իշխանությունների օրոք, հատկապես հաշվի առնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ «մնայիք՝ կռվեիք»՝ Բաղունցը պատասխանեց. «Չէի ուզենա ևս մեկ անգամ անդրադառնալ Հայաստանի ԱԺ նախագահի այդ արտահայտություններին, սակայն մի բան եմ ուզում ավելացնել՝ արցախցու կռվելու, հայ քաջորդիների կռվելու ապացույցն այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ, հարյուրավոր շիրիմներ՝ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության: Այդ փոքր եռաբլուրները կամ Ղարաբաղում եղբայրական գերեզմանոցները վկայություն են, որ արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել է:
Այսօր այս կամ այն հանգամանքների առումով մենք ունենք հայաթափված Արցախ, որը, հուսով եմ՝ ժամանակավոր է»: