Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց 25 մլն դրամի գրավով
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավոր Արուսյակ Ալեքսանյանն ավելի քան երկու տարի արգելանքի տակ գտնվելուց հետո ազատ կարձակվի։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, գործի քննության ավարտական՝ ճառերի փուլում, որոշում է կայացրել Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը փոխարինել գրավով՝ 25 մլն դրամի չափով՝ համակցված բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ։
Որպես վարչական հսկողության պայման՝ դատարանն արգելել է Արուսյակ Ալեքսանյանին շփվել մեղադրյալներ Էրիկ Ալեքսանյանի և Թամարա Պետրոսյանի, ինչպես նաև՝ վերջիններիս պաշտպանների հետ։
Նշենք, որ գործի քննությունը գտնվում է ավարտական փուլում։ Նախորդ նիստերի ընթացքում ճառով է հանդես եկել Էրիկ Ալեքսանյանը, պաշտպանները, Արուսյակ Ալեքսանյանի պաշտպանների մի մասը։ Հաջորդ դատական նիստին Արուսյակ Ալեքսանյանի մյուս պաշտպանները ևս հանդես կգան պաշտպանական ճառով, ինչին կհաջորդի Արուսյակ Ալեքսանյանի եզրափակիչ ելույթը։