Հունաստանում ՀՀ դեսպանը Դորա Բակոյանիին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Դորա Բակոյանիի հետ։ Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Հայաստան-Հունաստան և Հայաստան-Եվրոպական Միություն փոխհարաբերություններին, ներկայացրել է այս ուղղությամբ արձանագրված վերջին զարգացումները։
Տիկին Բակոյանին ողջունել է Հայաստանի մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ նշելով, մասնավորապես, որ հայ-թուրքական սահմանի բացումը կնպաստի տարածաշրջանում առավել կառուցողական մթնոլորտի ձևավորմանը։ Նա նշել է, որ միջազգային իրավունքի կիրառումը ճգնաժամ է ապրում, սակայն Հունաստանի դիրքորոշումը հստակ է, որ հակամարտությունների կարգավորումը պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Երկուստեք անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության և Հունաստանի միջև բարձր մակարդակի շփումների կարևորությանը, կարևորվել է երկու խորհրդարանների միջև համագործակցության ակտիվությունը, և այդ նպատակով դեսպան Մկրտչյանը տիկին Բակոյանիին հրավիրել է այցելել Հայաստան, ինչը զրուցակցի կողմից դրական է ընդունվել։