Ի՞նչ է պատասխանել Ադրբեջանը. միջանցքի պահանջից չեն հրաժարվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պաշտոնական Երևանը երեկ հայտարարեց, որ ստացել են խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը, որին սպասում էին երեքուկես ամիս, բայց չի գաղտնազերծվում՝ ինչ պատասխան են ստացել: Փաշինյանը երեկ ասաց,որ համաձայնության չեն եկել, ոչ էլ կարող է ասել, թե մերժել են:
Կասկածներ կան, որ չհամաձայնեցված կետերին ևս երկուսն է գումարվել՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը և նոր սահմանադրության ընդունումը։ Բանն այն է, որ մինչև վերջերս երկկողմ հայտարարություններ էին արվում, որ դեռևս չեն համաձայնեցրել 2 կետ` միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու կետերը։
Սակայն 2 օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը 17 կետանոց խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու դրույթ է նշել, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքին»։
Սա՝ այն դեպքում, երբ դեռ ամիսներ առաջ է հայտարարվել, որ ճանապարհների ապաշրջափակման կետը հանվել է պայմանագրից։ Չնայած ԱԺ փոխխոսնակը հերքել է ադրբեջանցի պաշտոնակցի հայտարարությունները՝ նշելով, որ պայմանագրում նման կետեր չկան, սակայն կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները, վաղ թե ուշ, իրականություն են դառնում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում