Ադրբեջանի Միլլի Մեջլիսը դատապարտել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի հայտարարությունը
Ադրբեջանի Միլլի Մեջլիսը խստորեն դատապարտել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի փետրվարի 25-ի հայտարարությունը` այն համարելով Եվրախորհրդարանի և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավի ևս մեկ օրինակ:
Ադրբեջանի խորհրդարանը կարծում է, որ Հայաստանի կողմից իրականացված այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հաջորդ տարելիցի նախօրեին ընդունված այս հայտարարությունը բացահայտում է Հայաստանի և Եվրախորհրդարանի իրական էությունը, որոնք անհեթեթ և անհիմն մեղադրանքներ են ներկայացնում Ադրբեջանին։
Խորհրդարանը նշում է, որ նման հայտարարությունը վկայում է Բաքվի հետ խաղաղ գործընթացում Երևանի ոչ անկեղծության մասին։
Միլլի Մեջլիսն ընդգծում է, որ այս հայտարարությամբ Եվրախորհրդարանն արտահայտում է իր խորը հակակրանքը Ադրբեջանի նկատմամբ։
Հայտարարության մեջ նաև ափսոսանք է հայտնվում, որ Եվրախորհրդարանը անտարբերություն է ցուցաբերել այսպես կոչված 4000 անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի նկատմամբ։
Բացի այդ, ընդգծվում է, որ Ադրբեջանը կտրականապես մերժում է ԵՄ-Հայաստան կոմիտեի այս միակողմանի և կողմնակալ փաստաթուղթը և նշում, որ նման քայլերը միայն մեծացնում են պառակտվածությունը և խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերին։