Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ. Անդրանիկ Քոչարյան
«Եթե դատավարության ընթացքում նայեք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դիմագծերին, դուք կտեսնեք, որ այնտեղ խոշտանգումներ են իրականացվում»,- լրագրողների հետ զրույցում իր տեսակետը հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:
Նրա խոսքով, այդ ամենը կանխելու համար հարկավոր է միջազգային հանրության որոշակի արձագանք։
«Ռուբեն Վարդանյանի դեմքին «գրված է», թե ինչ է տեղի ունենում իրենց հետ Բաքվի բերդում»,- ասաց Քոչարյանը:
Նա նշեց, որ Ռուբեն Վարդանյանի հարցում միայն պետությունը չէ, որ անելիքներ ունի։
««Ավրորա»-ն Ռուբեն Վարդանյանի հետ կապված անելիք չունի՞, Նուբար Աֆեյանն անելիք չունի՞։
Ռուբեն Վարդանյանը ժամանակին այնքան բան է ասել, որ այսօր դրանք օգտագործվում են իր դեմ: Մի ասա այն, ինչը ինչ-որ պահի կօգտագործվի քո դեմ: Բա պիտի այդ դատավարությունն օգտագործվի Հայաստանի դեմ: Բա չպետք է գերեվարվեր, դուք իրավունք չունեիք գերեվարվելու: Նման մակարդակի պաշտոնյաների գերեվարումը սպառնալիք է երկրի համար»,- ասաց ՔՊ-ականը։