«Չեմ բացառում, որ մի օր էլ Անդրանիկ Քոչարյանը կարող է Բաքվի բանտում հայտնվել, կարծեմ Արցախում եղել է զինվորական հագուստով»․ Ժաննա Ալեքսանյան
«Մենք տեսնում ենք, որ իշխանությունների ջանքերը շատ նվազ են, բայց մենք պետք է հանրային արձագանքը մեծացնենք՝ վերադարձնելու հայ գերիներին։ Կարծում եմ, որ հանրության արձագանքն էլ այնքան մեծ չէ, մենք տեսնում ենք, թե ինչ պառակտվածություն կա հայ հանրության մեջ, բայց սա մի իրավիճակ է, երբ պետք է բոլորը համախմբվեն»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։
Անդրադառնալով ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, թե Ռուբեն Վարդանյանն ամեն ինչ պետք է աներ, որ չգերեվարվեր, Ժաննա Ալեքսանյանն ասաց․ «Ես դա գնահատում եմ անբարո հայտարարություն, երբ մարդիկ մահվան շեմին են, կանգնում են և այդպիսի հայտարարություններ են անում։ Եվ չեմ բացառում, որ մի օր էլ կարող է Անդրանիկ Քոչարյանի հետ այդպիսի բան պատահի, կարծեմ Արցախում եղել է զինվորական հագուստով։ Շատ վատ են իրենց պահում իշխանամերձ շրջանակները»։