Սարիկ Մինասյանը խմբագրել է 2021թ․ գրառումը, որտեղ «կպել» էր ՔՊ–ին․ ԼՈւՍԱՆԿԱՐ
Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը, որը մինչ ՔՊ–ի Սարիկը դառնալը քաղաքական այլ անցյալ է ունեցել, հիմա փորձում է արագի մեջ խմբագրել անցյալում արված «սխալները»։ Այս մասին գրում է Irakanum.am–ը։
««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տարածվեց Սարիկ Մինասյանի 2021 թվականի հունիսի 18–ի մի գրառում։ Այդ ժամանակ Մինասյան Սարիկը դեռ «Լուսավորինն» էր և այդ կուսակցության ցուցակով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու։ Գրառման մեջ Սարիկ Մինասյանը հայտնում էր, որ եթե քաղաքացիները ընտրություն կատարեն նախկինների ու ներկաների մեջ, ապա երկիրը մխրճվելու է անկառավարելի և ծանր դրության մեջ, որը հղի է եղբայրասպանությամբ։
Այլ կերպ ասած՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ–ին ձայն տալը, ըստ Մինասյանի, առնվազն քաղաքացիական պատերազմի վտանգ էր ներկայացնում։
ՔՊ–ի Սարիկը դառնալուց հետո, իհարկե, Մինասյանն այլևս այդպես չի մտածում և նրա այս գրառումը Irakanum.am–ը պարզեց, որ այսօր լայն տարածում ստանալուց հետո խմբագրվել է»,- նշել է լրատվամիջոցը։