Բժիշկները պայքարում են դանակահարված 33-ամյա տղամարդու կյանքի համար. հարվածները եղել են որովայնին և կրծքավանդակին
Մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում տեղեկություն է ստացվել, որ դանակահարության հետևանքով «կրծքավանդակի և որովայնի շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 74 խումբը «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 33-ամյա Գնել Խ․-ն է, ով անծանոթ անձանց կողմից է դանակահարվել:
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին: