«Շատ հանցանքներ կատարվում են օրինական զենքերով»․ Արփինե Սարգսյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ նախարարությունն իր առաջ նպատակ է դրել հասկանալու՝ զենքով կատարված հանցագործությունները հիմնականում օրինակա՞ն, թե՞ անօրինական զենքերով են տեղի ունենում։
«Վիճակագրական տվյալների նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ այն միֆը, որ հիմնականում հրազենի գործադրմամբ հանցագործությունները կատարվում են բացառապես ապօրինի հրազեններով, դա չկա այլեւս, որովհետեւ մեր տվյալներով շատ են նաեւ այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա ասաց՝ քննարկումների արդյունքում պարզել են, որ զենքի պարգեւատրման հստակ ստանդարտներ չկան։ Եվ այս նախագիծը նպատակ է հետապնդում բացառապես ստանդարտ ներդնել զենքի պարգեւատրման ինստիտուտում, չափանիշները բավարարելու դեպքում անձինք կշարունակեն տիրապետել այդ զենքին։ Իսկ եթե չբավարարեն, պետք է կամավոր հանձնեն ՀՀ ոստիկանությանը։
«Թեև գործող օրենքը նախատեսում է որոշակի նոր կարգավորումներ պարգևատրված զենքերի մասով, սակայն այս նպատակն ամբողջությամբ իրացված չէ»,- նշեց Սարգսյանը։