Փախստականների թեման չենք կարող քննարկել, տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ․ Փաշինյան
Փաշինյանը թուրք լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ «փախստականների թեման» չեն կարող քննարկել, քանի որ դա պարզապես տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։
«Եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի, մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում և Սփյուռքում կան փախստականներ Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գյանջայից և այլն։ Մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ, և հետևաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել»,- նշել է նա։
««Զանգեզուրի միջանցք» ասված խոսույթը նույնպես հենց այդ պատճառով անընդունելի է մեզ համար, որովհետև դա տարածքային պահանջ է պարունակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության և տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք և ասում ենք այո, պատրաստ ենք, ինչպես արդեն ասացի, տարածաշրջանային, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության պայմաններով։ Եվ հասկանալով, որ կան բարդություններ, նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որ դա իրականություն լինի և տեղի ունենա, և արել ենք կոնկրետ առաջարկ երկաթուղային կապի վերականգնման համար և սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Ընդ որում, այդ առաջարկի էությունը մենք չենք հրապարակում մի պարզ պատճառով, որպեսզի նաև դա դիվանագիտական կոռեկտության խախտում չլինի, որ աշխատանքային փաստաթղթի էությունը բացում ենք, բայց մեր գնահատմամբ մենք լուծել ենք այդ հարցը և ակնկալում ենք նույնպիսի լուծում մեզ համար»,- հավելել է նա։