Լավ, որքա՞ն կարելի է տաք տեղերից տեղափոխվել հարմարավետ եթերներ ու մեղադրել ժողովրդին, որ չեն հեռացնում Փաշինյանին․ բավական է ինքնահաստատվեք ժողովրդի վրա․ Բադալյան
Վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրել է․
«Այն, ինչ կասեմ հիմա, երեւի հնչի փոքր ինչ ծայրահեղ կամ զգացական, բայց լսելով շատ մարդկանց եթերային շարունակվող զեղումները, համոզվում եմ, որ պետք է քրեականացնել ժողովրդի, հանրության պատվի ու արժանապատվության ոտնահարումը, նսեմացումը:
Լավ, որքա՞ն կարելի է տաք տեղերից տեղափոխվել հարմարավետ եթերներ ու ինչ ասես ասել ժողովրդին, ուղղակի, թե անուղղակի մեղադրելով, որ չեն հեռացնում Փաշինյանին:
Երբ այդօրինակ խոսակցություն ծավալվի որեւէ շենքի բակում, «բեսետկայում», ապա դա դեռ կարելի է հասկանալ, բայց երբ այդօրինակ խոսակցություն են ծավալում եթերներում մարդիկ, որոնք՝ համենայն դեպս համաձայն իրենց ներկայանալու «կատեգորիայի», պետք որ շատ ավելի բանիմաց լինեն իշխանություն փոխել-չփոխելու տեխնոլոգիաների առնչությամբ եւ ըստ այդմ պատկերացնեն, ուզում ես ասել՝ ընկերներ, բավական է ինքնահաստատվեք ժողովրդի վրա:
Ժողովուրդը քաղաքականության, ցանկացած իշխանափոխության «անտուրաժն» է, ոչ թե գլխավոր սուբյեկտը: Ժողովուրդը արձագանքում է պրոցեսներին, առաջնորդվում է շատ կոնկրետ առաջարկներով, միանում է շատ կոնկրետ գործընթացների:
Քաղաքական իրավիճակ փոխում են քաղաքական դերակատարները կամ այդպիսի հավակնություն ունեցողները: Իսկ, եթե դուք քաղաքականություն մեկնաբանող եք, ապա մեկնաբանեք քաղաքական ու տնտեսական այդ դերակատարների վարքն ու գործողությունները, այլ ոչ թե կոպիտ կամ նրբորեն ամեն ինչ բարդեք ժողովրդի, հանրության վրա:
Թե՞ քաղաքական ու տնտեսական դերակատարների պատասխանատվությունից խոսելը ցանկալի չէ, իսկ ամենը հանրության վրա բարդելը թե անշառ, թե գուցե նաեւ շահավետ է»: