Ադրբեջանի նպատակը Հայաստանը դեկորատիվ պետության վերածելն է, որն ամբողջությամբ ենթակա կլինի Ադրբեջանի ռազմավարությանը. վերլուծաբան
Գիտակցաբար, թե՞ որոշակի ազդեցության ներքո, առկա է կարծիք, թե Ադրբեջանը Հայաստանի հանդեպ իր քաղաքականությամբ պարզապես վրեժխնդիր է լինում առաջին պատերազմի պարտության ու դրան հաջորդած տարիների համար: Այս մասին նշել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը և հավելել.
«Մտայնությունը, թե Ադրբեջանը զբաղվում է «վրեժխնդրությամբ», կամ բարեխիղճ մոլորություն է, կամ հանրությանը մոլորեցնելու անբարեխիղճ փորձ:
Վրեժխնդրությունը զգայական հարթություն է՝ իր գերակշռող մասով: Իսկ Ադրբեջանը Հայաստանի հանդեպ զգայականությամբ չէ, որ զբաղված է, սայլ սառնասիրտ քաղաքականությամբ, որի նպատակը՝ ինչպես բազմիցս ասել եմ, Հայաստանը պարզապես դեկորատիվ պետության վերածելն է: Դեկորատիվ պետություն, որն ամբողջությամբ ենթակա կլինի Ադրբեջանի ռազմավարությանը:
Ընդ որում, բոլորովին տարօրինակ չէ, որ Ադրբեջանը դրել է այդպիսի խնդիր ու գնում է դրա հետեւից, հատկապես մի պատմական շրջափուլում, երբ տեղի է ունենում համաշխարհային նոր վերաբաժանում:
Տարօրինակը այն է, որ Հայաստանում կարող են համառորեն «չնկատելու» տալ այդ խնդիրը, փաթեթավորելով այն զանազան երեւակայական պատկերացումներով»: