Չնայած Բաքվի նոր պայմաններին՝ պաշտոնական Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները․ Արարատ Միրզոյան
Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել գործընթացում։ Այս մասին իրանցի գործընկեր Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
«Չնայած Բաքվի նոր պայմաններին` պաշտոնական Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները»,- ասաց նա։
Պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Երևանը այն պայմաններում, երբ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի տեքստի հաստատման մասին հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը նոր պայմաններ է հնչեցնում և ապատեղեկատվություն է տարածում սահմանային խախտումների մասին, Միրզոյանն արձանագրեց, որ Ադրբեջանի կողմից հաստատում չի եղել փաստաթղթի ստորագրման ժամկետի և վայրի վերաբերյալ քննարկումներ սկսելու վերաբերյալ, ընդհակառակը` Բաքուն սկսել է պայմաններ առաջադրել։
«Ի՞նչ անել. շարունակել աշխատել, բանակցել և փնտրել արժանի լուծումներ, որոնք կապահովեն երկարաժամկետ խաղաղություն»,- ընդգծել է նախարարը։ Նրա խոսքով` դեռևս ըմբռնում չկա, թե որտեղ և երբ կարող է ստորագրվել փաստաթուղթը։
Մենք պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավվել գործընթացում, հավելել է Արարատ Միրզոյանը։